Հայաստանում վերահսկողության տեսախցիկների եւ արագաչափերի ներդրմամբ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հետ կապված իրավիճակը փոխվել է: 

Որպես կանոն, տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների մասին ժամանակին զգուշացնում են համապատասխան նշանները, այնպես որ այդ հատվածներում խախտումները նվազագույնի են հասցված: Նույնը չես ասի մնացած ճանապարհների մասին: 

Հսկողության համար նախատեսված այլ սարքերի թվի ավելացումը հանգեցրել է պարեկային մեքենաների թվի նվազմանը: Դա բացատրվել է կոռուպցիոն ռիսկերը կրճատելու եւ վարորդների եւ ոստիկանների շփումը նվազագույնի հասցնելու ջանքերով: Արդյունքում ճանապարհների զգալի մասը մնում է առանց իրավապահների վերահսկողության: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է մեքենաների հոսքը հանդիսավոր եղանակով անցնում տեսախցիկի մոտով, բայց հենց վերահսկողության շրջանակից դուրս է գալիս, անմիջապես ավելացնում է արագությունը: 

Սակայն ՃԵԿ-ի դիտավորյալ կամ պատահական խախտումների կողքին կան պարտադրվածները, երբ վարորդը ստիպված է խախտում կատարել այլ վարորդների գործողությունների հետեւանքով: 

Լայնորեն տարածված խախտում է` խաչմերուկին կամ   «զեբրին» շատ մոտ կայանելը:  Նման գործողությունները, ամեն ինչից բացի, մեծ մասամբ առանց որեւէ վարչական հետեւանքի են մնում եւ վտանգ են պարունակում. կայանած մեքենաների պատճառով, հատկապես մթության մեջ, ուղղակի չեն երեւում փողոցն անցնող հետիոտները: 

Նույն դեպքում` առաջին գծում կայանած մեքենաների պատճառով դեպի աջ թեքվող ավտոմեքենան ստիպված է երկրորդ գծից թեքվել, ինչը տուգանվելու վտանգ է պարունակում: Հաշվի չեն առնվում, թե վարորդն ինչ պատճառով է խախտում արել: 

Ճիշտ նույն կերպ, կայանած մեքենաները, հատկապես եթե դրանք խոշոր մեքենաներ են, փակում են ճանապարհ դուրս եկողների տեսադաշտը, ինչը եւս հղի է լուրջ հետեւանքներով:  

Ընդհանուր առմամբ վերահսկողության տեսախցիկների տեղադրումը, չնայած ակնհայտ առավելություններին, թերություններ ունի: Առաջին հերթին դրանք վերաբերում են ճանապարհների անուշադրության մատնված հատվածներին եւ ՃԵԿ-ի կանոնների խախտման վերլուծությանը: