Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմի դեմ այն բանից հետո, երբ նա RT հեռուստաընկերությանը պատմել էր, որ Թուրքիայի տարածքից ԻՊ գրոհայիններին զարին գազ է մատակարարվել, որն օգտագործվում էր քիմիական զենքի արտադրության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները Էրդեմին կասկածում են պետական դավաճանության մեջ։ Քաղաքական գործչին կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Էրդեմը պնդում է, որ Թուրքիան եւ Արեւմուտքը գիտեն, թե ովքեր են Սիրիայում 2013թ. քիմիական հարձակումների իրական մեղավորները, որի մեջ մեղադրում էին Բաշար Ասադին։
«Քիմիական զենքի նյութերը ներկրվում էին Թուրքիա, իսկ հետո տեղափոխվում էին Սիրիայում ԻՊ խմբավորումների ճամբարներ։ Այն ժամանակ դրանք «Իրաքի Ալ Կաիդա» խմբավորման անդամներն էին։ Մենք ունենք տեսագրություններ, որոնք դա հաստատում են»,- ասել էր Էրդեմը։
Նա նշել է, որ դատախազությունը հետաքննություն էր սկսել, որի ավարտին դրա մեջ ներգրավված մարդիկ ձերբակալվել էին, սակայն մեկ շաբաթ անց գործը հանձնել էին այլ դատախազի, իսկ բոլոր ձերբակալվածներին ազատ էին արձակել։ Նրանք հատել էին թուրք-սիրական սահմանը եւ անհետացել։




























