Երեւանում դեկտեմբերի 15-17-ը մեկնարկել է ՀՀ Ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան եւ ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետեւո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են ԵՏՄ շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի ավիացիոն մաքսային հսկողության փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես մաքսանենգության դեմ պայքարի, նախաբացթողումային, հետբացթողումային հսկողության կատարելագործման եւ աշխատանքային կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ըստ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանի,  հանդիպմանը կարեւորվել է հատկապես թմրանյութերի առումով ռիսկային երկրներից մաքսանենգ ապրանքների ներկրման եւ տարանցիկ փոխադրման կանխարգելման, տեղեկատվության օպերատիվ փոխանակման եւ անհրաժեշտ այլ քայլերի արդյունավետության բարձրացումը: Պարզաբանվել է մաքսային հայտարարագրի տրամադրման, ապրանքների դասակարգման ժամանակ մակնշման միասնական շտեմարանի կիրառման կարգը:

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ քննարկել ենք ԵՏՄ երկրների օդանավակայաններում ուղեւորների սպասարկման եւ բեռների հսկողության, ինչպես նաեւ միջազգային ավիաչվերթերի տարանցիկ ուղեւորների մաքսային պատշաճ հսկողության խնդիրներն ու առանձնահատկությունները»,-նշել է ՖՆ «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանը:

ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Վնուկովո» մաքսատան պետի առաջին տեղակալ Սերգեյ Մատյաշի խոսքով` կարեւորվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ավիացիոն մաքսատների միջեւ տեղեկատվության, փորձի փոխանակման առումով փոխգործակցության սերտացումն ու ակտիվացումը: Հյուրերը շրջայց են կատարել նաեւ «Զվարթնոց» մաքսատանը, ծանոթացել աշխատանքային առանձնահատկություններին, մաքսատան տեխնիկական հնարավորություններին: