Ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի հարազատները դեռ չգիտեն, թե ինչու է նա նման քայլի դիմել:

«Դեպքից ոչինչ չի պատմում, չգիտենք՝ չի ուզում պատմել, թե չի հիշում: Բայց մեզ ոչինչ չի պատմում, դրդապատճառները չգիտենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զինծառայողի հորեղբոր տղան՝ Արտակ Աբրահամյանը:

Արտակ Աբրահամյանի խոսքով՝ Ռազմիկն ապաքինվում է, ամենայն հավանակությամբ, մոտ 2 ամիս էլ կմնա հոսպիտալում:

Նշենք, որ զինծառայողի վիճակը կայունացել է: Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ՌԴ-ում է բնակվում, Հայաստան է վերադարձել ծառայության մեկնելու համար: Նրա մայրը մահացած է, հայրը ՌԴ-ում է բնակվում:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը,  Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը կալանավորված են:

Զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով: