Ամանորյա սեղանն այս տարի ռուսաստանցիների վրա միջինը 5790 ռուբլի «կնստի» ( կամ անցած տարվանից 28 տոկոսով թանկ): Այս մասին հայտնում է «Ռուսկայա սլուժբա» ռադիոն՝ վկայակոչելով Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Ռոսստատ): Հայաստանում գործող փոխարժեքով այս գումարը համարժեք է 40 հազար դրամին:

Առաջին հայացքից ամանորյա սեղանի համար անհավանական ցածր գին է: Սակայն հաշվի առնենք, որ Ռուսաստանում մթերքն ավելի էժան է, քան մեր երկրում: Ռուսաստանում տոնական սեղանի ամենաթանկարժեք մթերքների ցանկը գլխավորում է կարմիր ձկնկիթը: Դրա միջին գինը նոյեմբերի վերջին մոտավորապես 3 հազար ռուբլի (ավելի քան 20 հազար դրամ) էր մեկ կիլոգրամի համար: Ի գիտություն՝ Հայաստանի մայրաքաղաքում նոյեմբերին մեկ կիլոգրամ կարմիր ձկնկիթը 53 հազար դրամ արժեր:

Ձկից պատրաստված աղի ու ապխտած ուտեստների համար ՌԴ բնակիչները ստիպված են լինելու վճարել միջինը 1320 ռուբլի (9 հազար դրամից քիչ ավելին): Եվ տոնական սեղանի համար ամենաթանկարժեք մթերքների եռյակն ամփոփում է ռուսական կոնյակը՝ մեկ լիտրը 1260 ռուբլի՝ (8.6 հազար դրամ ):

«Ռոսստատի» տոնական սպառողական զամբյուղը սովորաբար 23 մթերքից է բաղկացած: Դրանցից են մասնավորապես թթու բանջարեղենի 700 գրամանոց բանկան, 500- ական գրամ հումապխտած երշիկ, մսային ու ձկնային ապուխտներ, պանրի տեսակներ, թարմ բանջարեղեն, սպիտակ ու սեւ հաց, 200 գրամանոց կարմիր ձկնկիթ, 200 գրամ սերուցքային կարագ:

Սա միջինը: Իսկ իրականում, ըստ IRG մարկետինգային հետազոտությունների տեղեկության, ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը մտադիր է կրճատել Նոր տարվա ծախսերը: