Խուլիգանություն կատարելու համար արդեն մեկ ամիս կալանքի տակ գտնվող, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 27-ամյա բնակիչ Կարեն Օհանյանի հայրը՝ Արմեն Օհանյանը, պնդում է , որ իր որդուն անհիմն են կալանավորել, նա անմեղ է ու պետք է ազատ արձակվի: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Օհանյանը նշեց, որ 2015թ. նոյեմբերի 10-ին ոստիկանությունը մեքենա վարելիս բերման է ենթարկել Կարենի ծանոթներից մեկին` համագյուղացուն, եւ նրա ավտոմեքենան տեղափոխել տուգանային հրապարակ` պատճառաբանելով, որ վարորդը ալկոհոլ օգտագործած վիճակում է մեքենան վարել: Դեպքի օրը Նորատուսի բնակիչները դիմել են ճանապարհային ոստիկանություն եւ ասել՝ տվյալ անձը ալկոհոլ օգտագործած վիճակում չի եղել, ունի վարորդական իրավունք եւ պահանջել են մեքենան վերադարձել քաղաքացուն, սակայն պետավտոտեսուչը մերժել է:
«Այնուհետեւ բանավեճ է տեղի ունենում, որից հետո փակում են ճանապարհն ու պահանջում մեքենան վերադարձնել: Ճանապարհը փակվելուց հետո մարզի ու ոստիկանության ղեկավարությունը տեղեկանում են դեպքի մասին, եւ ոստիկանության տեսուչը ավտոմեքենան բերում, հանձնում է ճանապարհը փակած անձանց: Ավտոտեսուչը վրեժխնդրությամբ է լցվում Կարենի նկատմամբ, քանի որ իր ասելով ողջ քաշքշուկը Կարենն է կազմակերպած լինում, հետո սկսում են Կարենի գլխին սարքել: Մի քանի օր հետո Կարենն ինչ-որ վիճաբանության մեջ է ընկել, որից հետո բերման են ենթարկել նրան, գլխին սարքել ու կալանավորել»,-պատմեց Արմեն Օհանյանը:
Կարենի փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կարենի ու 4 հոգու միջեւ մեկ ամիս առաջ տեղի ունեցած վիճաբանությունը եղել է ամայի տարածքում՝ ավտոճանապարհին, մի կողմից 4, մի կողմից՝ 2 անձանց միջեւ: Քրեական գործի նախաքննության ընթացքում, մյուս կողմը տվել է ցուցմունք, որոնք, ըստ փաստաբանի, կեղծ ցուցմունքներ են:
«Դրանք ցուցմունք անվանելը ծիծաղելի է, քանի որ մի ցուցմունքը տպագրել եւ քոփի փեյսթ են արել բոլորի համար: Այդ ցուցմունքներին ծանոթանալով պարզ է դառնում, որ տարբեր անձինք չէին կարող նույն սխալներով ցուցմունք տալ: Դա էլ խոսում է այն մասին, որ ցուցմունքները կեղծ են եղել: Նախաքննության ընթացքում տվյալ անձինք իրենց ցուցմունքներով հերքել են իրենց նախնական ցուցմունքները եւ պաշտպանյալիս հետ առերեսվելով պնդել են, որ նման դեպք տեղի չի ունեցել: Տվյալ փուլում բացի այդ չորս անձանցից գործող այլ վկաներ չկան, նախաքննության ընթացքում չկա այլ ապացույց, որով կապացուցի, որ պաշտպանյալս կատարել է հանցագործություն, խուլիգանություն»,-ասաց փաստաբանը:
Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Քննչական կոմիտե միջնորդություն է ուղարկվել, որպեսզի Կարենի նկատմամբ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը անհիմն, առանց պատճառաբանության մերժվել է: Դրանից հետո նշված միջնորդությունը մարզի դատախազություն են բողոքարկել եւ հայտնել, որ պաշտպանական կողմի կարծիքով ներկայում քննիչի գործողություններում առկա են պաշտոնական հանցագործության հատկանիշներ, որի առնչությամբ պատրաստվում են դիմել Հատուկ քննչական ծառայություն, բողոքի պատասխանը դեռ չեն ստացել։
Նշենք, որ Նորատուսի մի քանի տասնյակ բնակիչներ 2015թ. դեկտեմբերի 15-ին փակել էին Վարդենիս-Երեւան ճանապարհը՝ պահանջելով ազատ արձակել Կարեն Օհանյանին:



























