Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանրաքվեի ընտրախախտումների վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականներից մտահոգված չէ, քանի որ կարծում է, որ իրավապահ մարմինները կամք կցուցաբերեն խախտումները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նշենք, որ հանրաքվեից մեկ ամիս առաջ առաջ Հրանուշ Հակոբյանը հռետորական հարցադրումներ էր հնչեցնում, որ փողոցում չի տեսնում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «ոչ»-երին: Հանրաքվեի արդյունքներն անգամ պաշտոնական տվյալներով ցույց տվեցին, որ մի ահռելի զանգված դեմ է քվեարկել այս փոփոխությանը` չհաշված ընդդիմության հայտարարությունները, որ իրենց հաշվարկներով «ոչ»-ը առնվազն հարյուր հազարով ավել է եղել, ինչը կեղծել է իշխանությունը:
Հարցին, թե ՀՀԿ-ական նախարարին ի՞նչ է ասում արձանագրված պաշտոնական 421 հազար «ոչ»-ը, Հրանուշ Հակոբյանը, պատասխանեց. «Ինձ ասաց, որ մի մասը կարդալով սկզբունքորեն դեմ են քվեարկել, մի մասը առանց կարդալու, բայց այս կամ այն գործչին սիրելով` գնացել է նրա հետեւից, իսկ ճնշող մասը սոցիալական դժվարությունների ու անվստահության հետեւանքով է «ոչ» քվեարկել: Ես դա ասել եմ նոյեմբերի 6-ին ու դուք էլ էիք տեսնում, որ փողոցում «ոչ» չկա: Ես ասում էի` չեմ տեսնում փողոցում այդ «ոչ»-երը, դրա համար կա քարոզչություն ու հակաքարոզչություն, այդ մեկ ամսվա ընթացքում մարդիկ որոշում են կայացնում, փաստաթղթին ծանոթացան, ամեն մեկն իր ուղղությունը ընտրեց»:
Դիտարկմանը, թե արձանագրված բազմաթիվ ընտրախախտումներն ու մեկ տասնյակից ավել հարուցված քրեական գործերն ինչի՞ մասին են խոսում, նախարարն արձագանքեց. «Եթե կան խախտումներ, պատկան մարմինները, որոնք զբաղվում են դրանցով, պատասխանատվության կենթարկեն մեղավորներին: Բայց որոշ տեղերում, որոնց վերաբերյալ բողոք կար, վերահաշվարկ կատարվեց, ինչ տեսան` մի քանի դեմ ու կողմ փոխվեց: Եթե կան փաստեր, թող ներկայացնեն համապատասխան մարմինները կուսումնասիրեն»:
Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ իշխանությունը կամք կցուցաբերի մեղավորներին պատժելու ուղղությամբ:



























