Երեւանի Աջափնյակ համայնքի Շինարարների փողոցում օրերս գողություն է կատարվել:  NEWS.am-ի խմբագրություն ահազանգած բնակչուհի Աննան հայտնեց, որ օրեր առաջ գողացել են իր Mercedes-Benz C-Class մակնիշի ավտոմեքենայի չորս անիվները:

«Կիրակի առավոտյան արթնացա, տեսա՝ անիվներս չկան, մեքենայի տակ քարեր են դրել, եւ անիվները գողացել են:  Միշտ էլ բակում եմ կայանել մեքենաս, շատերն են կայանում, բայց մինչեւ վերջերս գողության դեպքեր չեն եղել»,-ասաց Աննան:

Աղջկա խոսքով՝ համատիրության աշխատակցից տեղեկացել է, որ վերջերս իրենց թաղամասում մեքենաներից գողության բազմաթիվ դեպքեր են գրանցվել:

Աննան վստահ է, որ գողությունները տարածքին ծանոթ հանցախմբի ձեռքի գործն է, կամ տարածքից ինչ-որ մեկը համագործակցում է հանցախմբի հետ:

«Մի օր տուն էի վերադառնում, ինչ-որ մեքենայով լակոտ-լուկուտներ էին մեր բակում կանգնած, կասկածելի, կասեի՝ հանցագործի տեսք ունեին, ուշադիր զննում էին, ուշադիր նայում էին անիվներիս: Գրեթե վստահ եմ, որ նրանք են, բայց ապացույցներ չունեմ»,-նշեց Աննան:

Այն, որ գողություններ կատարողները տարածքին լավ ծանոթ են, Աննայի մոտ կասկած չի հարուցում, ասում է՝ գողերը թիրախավորել են թանկարժեք մեքենաները՝ լավ իմանալով դրանց թերությունները, որոնցից էլ օգտվում են:

«Գիտեն թույլ տեղերը, ու հենց էդ թույլ տեղերից էլ սկսում են, գիտեն՝ որից ինչ կարող են տանել »

Տուժածը դիմել է ոստիկանություն, քննություն է տարվում, սակայն որեւէ նորություն դեռեւս չկա:

Աննան նշեց, որ գողերի թիրախում հայտնված թաղամասի անվտանգությունը պետք է ապահովի:

«Կամ պետք է բնակիչներով հավաքվենք, պահակ վարձենք, կամ էլ պետք է ոստիկանները օպերատիվորեն աշխատեն: Նրանք շատ լավ գիտեն թաղամասի հանցագործներին, կարող են արագ նրանց բացահայտել, բայց չեն անում»,-ասաց աղջիկը: 

Աննան հորդորում է իրենց մեքենաները դրսում կայանող քաղաքացիներին զգուշանալ: