ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը չի միանում Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու ՀԱԿ նախաձեռնությանը, քանի որ ինքը «Այո»-ի ճակատից է:

«Ես ասել եմ` «այո»-ի կողմնակիցն եմ եղել, ԱԺ-ում քվեարկել եմ, թող «ոչ»-ի կողմնակիցները միանան ՍԴ դիմելու նախաձեռնությանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտուն Գրիգորյանը:

Հիշեցմանը, թե «Այո»-ի կողմնակից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ է միացել նախաձեռնությանը, քանի որ այստեղ խոսքը կեղծված լինելու պնդումների մասին է, ոչ թե Նոր Սահմանադրության նկատմամբ դիրքորոշման, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ուրեմն Ալիկ Արզումանյանը տեսել է կեղծիքը, ես չեմ տեսել կեղծիք: Եթե քրեական գործ է հարուցվել, ուրեմն պատասխան կտան մարդիկ, ու մենք կտեսնենք` ինչքան կլինի դրա ազդեցությունը հանրաքվեի վրա, «այո»-ի եւ «ոչ»-ի տարբերության վրա»:

Անկախ ընտրախախտումների վերաբերյալ արձանագրություններից, հարուցված քրեական գործերից ԲՀԿ խմբակցության պատգամավորը համաձայն է պաշտոնապես հրապարակված տվյալների հետ եւ կարծում է, որ իրավապահ մարմիններում քննվող գործերի վերջնաարդյունքը կասկածի տակ չի դնելու հանրաքվեի անցած լինելը:

Նշենք, որ ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել է 17 պատգամավոր: ԲՀԿ խմբակցությունից միայն Վարդան Օսկանյանը: ՀՅԴ-ն ամենայն հավանականությամբ, այսօր կծանոթանա ՍԴ դիմելու ՀԱԿ հիմնավորումներին եւ ըստ այդմ վերջնականապես կհայտարարի` միանալու են, թե ոչ: ՍԴ դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է: