Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ուղիղ պատասխան տալ «ՌԲԿ» հեռուստաալիքի լրագրողի այն հարցին՝ արդյոք Կատերինա Տիխոնովան նրա դուստրն է: Դրա փոխարեն Պուտինը մի քանի բառով պատմել է իր դուստրերի մասին:

«Նրանք ապրում են Ռուսաստանում ու ոչ մի տեղ մշտական բնակության չեն մեկնել: Նրանք արտասահմանում ոչ մի տեղ կրթություն չեն ստացել, սովորել են ռուսաստանյան բուհերում: Նրանք շարունակում են սովորել ու աշխատում են»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իմ դուստրերը ազատ տիրապետում են երեք եվրոպական լեզուների: Ես երբեք չեմ քննարկում իմ ընտանիքին վերաբերող հարցերը: Նրանք բիզնեսով ու քաղաքականությամբ չեն զբաղվում: Ոչնչի չեն միջամտում»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

ՌԴ նախագահը նշել է, որ մտադիր չէ հրապարակավ քննարկել իր ընտանիքին վերաբերող հարցերը:

«Ես երբեք նման բան չեմ արել ու այսուհետ էլ չեմ անի: Այդ թվում անվտանգության նկատառումներով»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ իր դստրերը «ապրում են իրենց կյանքով»: