Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում օպերայում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ այդ փոփոխությունները միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը:

Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ  Գրիգորյանի կողմից, որը արժանացել  է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի եւ երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար:  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլեւս չի լինելու:

Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով:

Առաջիկայում նախատեսված է նաեւ այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն նույնպես: ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է»:

Նշենք, որ մինչ այս հենց Կարեն Դուրգարյանն էր թատրոնի գլխավոր դիրիժորը: