Մեծ է Հունաստանի դերակատարումը Հայաստան-Եվրամիություն եւ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երեւանում, Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նախարարը Երեւանում կառուցողական եւ արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարեւորագույն հենասյուներից մեկը:

Ընդգծելով, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ջերմ հարաբերությունները ձեւավորվել են պատմական ամուր հիմքի վրա՝ Սերժ Սարգսյանը կարեւոր է համարել միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները, ինչպես նաեւ Հունաստանի դերակատարումը Հայաստան-Եվրամիություն եւ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում, համագործակցությունը խաղաղապահության բնագավառում:

Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների՝ պարբերական բնույթ կրող փոխայցերը, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցության հեռանկարները եւ ողջունել է նախարար Կամենոսի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ այդ փոխգործակցությունն ավելի ակտիվացնելու եւ խորացնելու ուղղությամբ:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության եւ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամության համար, վստահեցրել ՀՀ նախագահին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ձեւավորվել է գերազանց համագործակցություն, եւ երկկողմ ջանքերով այսուհետ եւս շարունակելու են ավելի ամրապնդել ու խորացնել հայ-հունական ռազմական եւ ռազմատեխնիկական փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, խաղաղապահության ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին: