Ահաբեկչության դեմ առանձին իսլամական կոալիցիայի ստեղծումը կարող է վկայել Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունների առկայության մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Էր Ռիադի կողմից իսլամական կոալիցիա ստեղծելու նպատակահարմարությանը:

«Ես իրականում այնքան էլ չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունեցել»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն արդեն ստեղծել է դաշինք, որտեղ ներգրավված են նոր իսլամական կոալիցիայի գրեթե բոլոր անդամները, այդ թվում Սաուդյան Արաբիան: «Ի՞նչը չի հերիքում, ինչո՞ւ ստեղծել նոր դաշինք, եթե արդեն կա մի դաշինք՝ ԱՄՆ ղեկավարության ներքո: Նրանք, ի՞նչ է, իրենց առանձին պլա՞նն ունեն, թե՞ ներքին հակասություններ են ի հայտ եկել»,-հավելել է Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: