Վարստանի վարչապետ Իրաքլի Գարիբաշվիլին ճիշտ ուղղությամբ քայլ է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին:
«Ինչպես հայտնի է, Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դեռ 2011 թ. էր վերացրել: Ընթացիկ տարում մենք նրանց համար ավելի ենք երկարացրել Վրաստանում մնալու թույլատվության ժամկետը, քանի որ շահագրգռված ենք, որ Ռուսաստանից ավելի շատ զբոաշրջիկներ գան ու հնարավորինս հեշտանան մարդկանց շփումները:
Անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցների, այդ թվում վրացի գործարարների ու շարքային քաղաքացիների շահերը վիզային ռեժիմի պարզեցման հարցում: Նրանք ուզում են, որ մեր երկրների միջեւ հաղորդակցությունը նվազագույն բարդություններով իրականացվի:
Չնայած Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ սկզբունքային տարաձայնություններին՝ այդ թվում 2008 թ. պատերազմի պատճառների ու դրա հետեւանքների կապակցությամբ, վերջին երեք տարիներին մենք կարողացել ենք որոշակի քայլեր ձեռնարկել առեւտրային, տրանսպորտային ու հումանիտար ոլորտներում: Մենք պատրաստ ենք շարունակել Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր ընտրած իրատեսական քաղաքականությունը ու Ռուսաստանի կողմից էլ ենք նույնատեսակ մոտեցում ակնկալում:
Մոտ օրերս մենք ակնկալում ենք ԵՄ որոշումը՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման մասին, ինչը պատմական իրադարձություն կլինի: Ընդհանուր առմամբ, մեր կառավարության սկզբունքային դիրքորոշումն այն է որ Վրաստանի քաղաքացիները պետք է աշխարհում ազատ տեղաշարժվելու առավելագույն հնարավորություն ունենան:
Մեր իշխանությունների արտաքին քաղաքականությունը լուրջ արդյունքներ է տալիս: Հենց այսպես են դա ընկալում թե մեր քաղաքացիները, թե արեւմտյան գործընկերները»,- ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ, հայտնում է «Վրաստան On-line –ը»:




























