Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը ԲՀԿ-ն չի միանում այն պատճառով, որ ՀԱԿ-ը բոլոր հարթակներից հայտարարում է, որ իշխանությունների կողմից փետրվարյան ջարդից հետո կուսակցությունը ջախջախված է: NEWS.am-ի հետ զրույցում այսպես հիմնավորեց ԲՀԿ-ի դիրքորոշումը համանուն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է 27 ստորագրություն, հավաքվել է ընդամենը 17-ը: ԲՀԿ խմբակցությունից միացել է միայն Վարդան Օսկանյանը:

«Յուրաքանչյուր ամբիոնից, յուրաքանչյուր դեսպանի, միջազգային կառույցի հետ հանդիպման ժամանակ, այդ թվում վերջերս Հայաստան այցելած ԵԽԽՎ մեր գործընկերների, բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ՀԱԿ ներկայացուցիչները խոսում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որ այն փետրվարից հետո ջախջախվել է, գոյություն չունի»,-ասաց Զոհրաբյանը:

Այս թեմայով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ պատգամավորը հաճախ է խոսել, հորդորել է համագործակցության եզրերը չայրել: Ըստ Զոհրաբյանի` այդ հայտարարությամբ ՀԱԿ-ն ուզում է պնդել, որ իրենք հզոր են, իսկ ԲՀԿ-ն ջախջախված:

«Իրենք ասում են`այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը գոյություն չունի: Դե եթե գոյություն չունենք, ինչի՞ եք դիմում գոյություն չունեցող ուժին, գոյություն չունեցող ուժից ակնկալում աջակցություն: Իրենք ասում են` իրենք հզոր են, ամենակարող են, դե ես էլ հիմա կողքից նայելու եմ, թե իրենք հզորներով, ամենակարողներով ինչի են ունակ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաեւ հավաստիացրեց, թե իրենք կմիանային ՀԱԿ-ի նախաձեռնությանը, եթե իրենց ջախջախված չներկայացնեին հարթակներից: Դիտարկմանը, թե արդյոք նման հիմնավորումն իր մեջ նեղացածության տարրեր չի՞ պարունակում, մինչդեռ ընտրախախտումները շատ ավելի լուրջ խնդիր են, քան միջկուսակցական հարաբերությունները, ԲՀԿ ղեկավարն արձագանքեց. «Մենք ունենք կուսակցական արժանապատվություն եւ մենք կատեգորիկ դեմ ենք միանալ մի քաղաքական ուժի նախաձեռնութանը, որը ամեն հարթակում ասում է` «Բարագավաճ Հայաստան» կուսակցությունը գոյություն չունի»:

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ ԲՀԿ-ի վարքագիծը պայմանավորված է քաղաքական շահերով, իշխանության հետ ունեցած հարաբերություններով, որի հետեւանքով փոխվեց նաեւ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ԲՀԿ-ի դիրքորոշումը, Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց. «Իշխանության հետ մենք ունենք հարաբերություններ այնքան, որքան ՀԱԿ-ը»: