ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված եւ ծանր հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով կալանավորված զինված խմբի անդամներից է 45-ամյա Աղասի Մարտիրոսյանը, որը երկար տարիներ ծառայել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կալանավորի պաշտպան Լիանա Բալյանը:

Պաշտպանի խոսքով՝ Աղասի Մարտիրոսյանը 2015թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է շքանշանով «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտում ծառայելու համար: Նույն օրը ԱԱԾ–ն հայտարարել էր զինված խումբը վնասազերծելու մասին։ Աղասի Մարտիրոսյանը նույն գործի շրջանակում իր տնից ձերբակալվել, ապա կալանավորվել է դեկտեմբերի 12–ին։

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ որպես զինված խմբի անդամ կալանավոր Աղասի Մարտիրոսյանը նախարարի կողմից շքանշանով պարգեւատրված լինի:

«Եթե իսկապես ծառայել է «Տիգրան Մեծի» կազմում, եթե դա ճիշտ է, տրամաբանական է, որ կարող է պարգեւատրված լինել, այդտեղ ոչ մի հանցանք չկա»,-ասաց ՊՆ խոսնակը: 

Ազատամարտիկը, ըստ պաշտպանի, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ հրաժարվելով ցուցմունք տալ:

Լիանա Բալյանը ավելացրեց, որ Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքի քննության օրը դեռեւս հայտնի չէ:

Աղասի Մարտիրոսյանը նախկինում դատապարտված չի եղել, ամուսնացած է, խնամքին են երկու մանկահասակ երեխաներ: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել և Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: