Վանաձորի քաղաքապետարանը ցանկանում է մայրական իրավունքից զրկել 8-ամյա որդուն մուրացկանության դրդած Տատյանա Պիսարեւային, սակայն վերջինս ոչ հանձնաժողովի նիստերին է մասնակցում, ոչ էլ փաստաթղթերն է ուղարկում:

«Մենք ստիպված եղանք դիմել ոստիկանություն, որպեսզի նրանք վերցնեն փաստաթղթերը Պիսարեւայի մոտից, որ կարողանանք որոշել 3 անչափահաս երեխաների ճակատագիրը: Երեխաներն այս պահին գտնվում են պետական խնամքի տակ, իսկ հանգստյան օրերին տուն են գնում: Սակայն մենք ցանկանում ենք Պիսարեւային զրկել մայրական իրավունքից, քանի որ շարունակում է ալկոհոլ օգտագործել»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Վանաձորի քաղաքապետարանից:

Նշենք, որ Տատյանա Պիսարեւան դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւան հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար 8-ամյա որդուն ներգրավել է մուրացկանության մեջ: 8-ամյա տղան տարբեր քաղաքացիներից մուրացել եւ նրան է փոխանցել գումար:

Տատյանա Պիսարեւային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: