Օրերս տաքսու վարորդ 60-ամյա Պանդուխտ Հովհաննիսյանը Երեւանի «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտ 2 ժամ մնացել է խցանման մեջ։ Պատճառը, ասում է, քաղաքում Նոր տարվա տոնական եռուզեռից առաջացած խցանումներն են: NEWS.am-ի հետ զրույցում Պանդուխտ Հովհաննիսյանը, որն արդեն 40 տարի է վարորդ է աշխատում, նշեց, որ դեկտեմբերի կեսից Երեւանի գրեթե բոլոր փողոցներում խցանումներ են առաջանում, որը նյութական առումով վատ է անդրադառնում տաքսու վարորդների վրա:

«Մի հատ մինիմալի համար կարող ա մի 30 րոպե մնամ խցանման մեջ, դրա փոխարեն կարայի հասնեի Արտաշատ ու 3.000 դրամ փող առնեի: Գյուղերից, բոլորը եկել, լցվել, Նոր տարվա առեւտուր են անում, աշխարհի վերջն ա»,-ասաց վրդովված վարորդը:

Պանդուխտ Հովհաննիսյանի խոսքով, Նոր տարվա նախաշեմին խցանումներն առաջանում են հիմնականում տոնանավաճառների ու մոլերի մոտ: Սակայն, 40 տարվա փորձ ունեցող վարորդի խոսքով, համեմատած անցած տարիների` այս տարի Երեւանում խացնումներ շատ չեն լինում` շնորհիվ նոր կառուցված ճանապարհների: «Անհամեմատելի է անցած տարիների հետ, մի տասը տարի առաջ օր ա եղել, որ չորս ժամ խցանման մեջ եմ մնացել Երեւանի նման փոքր քաղաքում: Այս տարի ահագին լավ է, նոր ճանապարհներ կան, գոնե երթեւեկությունը մի քիչ թեթեւանում է»,-ասաց վարորդը: