Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրախախտումների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան վերջին հայտարարությունը, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրությունների վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարություները մշտապես Հայաստանում համարվում էին անատամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Թե Միացյալ Նահանգները, թե Եվրամիությունը Հայաստանում միշտ քննադատվել են, որ անատամ հայտարարություն են անում ցույցերի, ճնշումների, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված: Հիմա այդ քննադատության արդյունքում քայլ առաջ ենք գնացել եւ ավելի խիստ հայտարարությամբ են հանդես եկել»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է, որ հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս:
«Հայտարարության մեջ ուղղակի տեղեկատվություն կա, որ Միացյալ Նահանգները ԱՄՆ հարկատուների գումարներից գոյացած ֆոնդերից հովանավորվող ծրագրերում չի ներառի ընտրախախտում թույլ տվածներին, հաշվի կառնի ընտրակեղծարարությամբ զբաղվողներին: Խոսքը հրապարակված դեմքերի մասին է, ովքեր մասնակից են եղել դրան, նրանց մասին է, որոնք կան հարուցված քրեական գործերում: Դեսպանատան հայտարարությունը թե′ իշխանությանն է ուղղված, թե′ ընտրակեղծարարներին: Հանրաքվեի մասին դեսպանատան առաջին հայտարարությունն էլ քննադատվեց, թե շատ թույլ է, հետո եղավ երկրորդ հայտարարությունն այս բովանդակությամբ»,-ասաց Էդմոն Մարուքյանը:



























