Սիրիայում պատերազմը ձգձգվում է այն պատճառով, որ Արեւմուտքի երկրները փորձում են այդ երկրում իշխանափոխություն իրականացնել։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նիդեռլանդական NPO2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով` հակամարտությունը կավարտվեր մեկ տարուց էլ քիչ ժամկետում, եթե միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեր գրոհայինների շարքեր մտնող օտարերկրացիների հոսքը կանգնեցնելու ուղղությամբ։

Մինչդեռ արեւմտյան երկրներից ոչ մեկը, ըստ Ասադի, պատրաստ չէ իրապես նպաստել պատերազմի ավարտին։

«Նրանցից ոչ մեկը, միայն Ռուսաստանն ու Իրանը, նրանց դաշնակիցներն ու մյւս երկրները, որոնք քաղաքականապես աջակցում են Սիրիայի կառավարությանը... բայց ոչ Արեւմուտքը, այնտեղ ոչ ոք պատրաստ չէ դրան»,– ՏԱՍՍ–ի հաղորդմամբ` ասել է Ասադը` նշելով, որ Արեւմուտքը շարունակում է գրոհայիններին աջակցել, քանի որ հակամարտության միակ լուծում է տեսնում իշխանափոխությունը։

Հարցին` արդյոք իրեն չի ուրախացնում փաստը, որ արեւմտյան երկրները վերջին շրջանում մեղմացրել են իրենց դիրքորոշումը Ասադի հեռանալու հարցում, Ասադը պատասխանել է հեգնանքով. «Ես էլ արդեն իրերս էի հավաքում, որ հեռանայի, հիմա կարող եմ մնալ»։