Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 18-ին վավերացրել է Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամի 300 մլն դոլարի վարկը: Վարկը նախատեսված է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
«Կողմ» է քվեարկել 60 պատգամավոր, «դեմ»` 19-ը, ձեռնպահ է մնացել 2-ը, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը: Ընդդիմության մեծամասնությունը հավանություն չի տվել օրենքի նախագծին` նախօրեին հայտարարելով, որ չի կարելի մեծացնել Հայաստանի պարտքի բեռը:
Միջոցները կտրամադրվեն 2015 – 17 թթ-ին 100 մլն դոլարանոց տրանշերով, տարեկան 2,1 տոկոս տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամկետով: Վարկի նպատակը բյուջեի ճեղքերը փակելն է:
Հիշեցնենք, որ 2016-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կկազմի 190,7 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 395 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի մոտ 3,5 տոկոսը: 2016-ին Հայաստանի կառավարության պետական պարտքը կկազմի մոտ 5 մլրդ 66 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 45,1 տոկոսը (2015-ի արդյունքում` 44,1 տոկոս): Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցում է 50 տոկոսը, հաջորդ տարի բյուջեի սղաճը չպետք է գերազանցի վերջին 3 տարվա ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3 տոկոսը:



























