Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները որոշակիորեն նվազեցնում են լայնածավալ ռազմական գործողությունների սպառնալիքը, բայց հնարավոր բեկումնային փոփոխությունների առումով լավատեսություն չեն ներշնչում: Այս մասին դեկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նախագահների հանդիպումներից առաջ եւ հետո, նրա խոսքով, սրվում է սահմանների լարվածությունը, ձեռնարկվում են դիվերսիաներ, լինում են զոհեր, օգտագործվում են տարբեր տրամաչափի զինատեսակներ: «Սա ոչ թե Ադրբեջանի ձեռագիրն է, այլ նրա քաղաքականության հետեւանքը»,-շեշտեց Դավթյանը:
Պատգամավորը սահմանների լարվածությունը բացատրեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերի 19-ին ծրագրված հանդիպումով:
Միաժամանակ, Արտակ Դավթյանը հավելեց, որ նախագահների հանդիպումների այլընտրանքն են լայնածավալ ռազմական գործողությունները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռն քաղաքում ծրագրված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը:




























