Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության փոխնախարար Տատյանա Պոպովան հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինային է դիմել Ռուսաստանի քարոզչության դեմ պայքարում օգնության խնդրանքով, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Վերջերս Թուրքիայի ներկայացուցիչները մեզնից մեթոդոլոգիական օգնություն էին խնդրել Ռուսաստանի ապատեղեկատվության դեմ պայքարի համար», — տեղեկացրել է նա: 

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայում թուրքական դեսպանատան ներկայացուցիչները բազմիցս դիմել են նախարարությանը: 

«Ի վերջո, երեկ մենք հանդիպում անցկացրեցինք մեր նախարարության, պաշտպանության նախարարության լրատվական վարչության, StopFake նախագծի եւ թուրքական դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ», — ասել է Պոպովան:

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր տարբերակները, մասնավորապես, Թուրքիայի ներկայացուցիչների համար ուսումնառության կազմակերպումը: