Չի բացառվում, որ վաղ թե ուշ կարող է խոսք լինել հայկական կողմերի կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ: Այդ մասին դեկտեմբերի  18-ին   «Նովոստի Արմենիա» փորձագիտական խմբի նիստին հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:  

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, արձանագրել է քաղաքագետը, շփման գծում շարունակաբար աճում է լարվածությունը: Այս տարի, նրա խոսքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ  1994-ի զինադադարից հետո առաջին անգամ ծանր հրետանի է օգտագործվում, իսկ այս ամիս արդեն` տանկեր:  «Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն փորձում է պահպանել լարվածությունը, այլեւ ազդել հայկական կողմերի դիրքորոշումների վրա», - նշել է Մինասյանը: