Այսօր մեկնարկեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի  տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱրմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում: Տեղաբաշխումն անցկացվում է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձեւով` մինչեւ 2015թ.-ի դեկտեմբերի 24-ը ներառյալ: 

Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի` IPO-ի միջոցով իրականացնում է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս: Սովորական բաժնետոմսերն իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովում: Յունիբանկի գործունեությունն մշտպաես ուղղված է եղել բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար եւ փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Ժողովրդական IPO-ի միջոցով Յունիբանկն էլ ավելի է մոտեցնում հաճախորդներին բանկին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բանկի բաժնետեր եւ մասնակցելու բանկի զարգացմանը:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն: Նշենք նաեւ, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ եւ ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի եւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման եւ արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը տեղադրված է www.unibank.am կայքի «Բաժնետերեր եւ ներդրողներ» էջում: