ՀՀ արդարադատության նախարարությունը 2015թ. նոյեմբերի 23-ին պատասխանել է ցմահ ազատազրկվածների հարազատների դիմումին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, NEWS.am-ին hհայտնեցին ԱՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դիմումի պատասխանն ուղարկվել է դիմումի մեջ նշված հասցեատիրոջը:

Նշենք, որ ցմահ ազատազրկվածների հարազատները, որոնք հոկտեմբերին իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նամակ էին հանձնել Բաղրամյան-26, որն հետագայում ուղարկվել էր Արդարադատության նախարարություն, պնդում են, որ դիմումի պատասխանը դեռ չեն ստացել։

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 ցմահ դատապարտյալներ նոյեմբերի 14-ից  հացադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց գործերի վերանայում։ Դատապարտյալների հարազատները NEWS.am–ին ասել էին, որ նրանք այսօրվանից սկսել են կոշտ հացադուլ, նաեւ հրաժարվել են դուրս գալ իրենց խցերից:

NEWS.am-ի հետ զրույցում ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը հայտնել էր, որ դատապարտյալները վերսկսել են հացադուլը այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությանն ուղղված նամակի պատասխան չեն ստացել: