Դեկտեմբերի 31-ին ծնված 57–ամյա տիկին Ալիսան լավ գիտի այդ օրը ծնվելու անհարմարությունները։ Ասում է` կգերադասեր գոնե մեկ օր ուշ ծնվել։

«Ամանորն արդեն 57 տարի է՝ փչացնում է իմ օրը: Դա հատուկ օր է,  երբ ուզում ես ուշադրության կենտրոնում լինել, այնինչ ամանորյա գիշերը բոլորը շտապում են Ամանորս շնորհավորել, ոչ թե ծնունդս: Անգամ մոտ բարեկամները առաջին բաժակից հետո մոռանում են ծննդյանդ օրվա մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ալիսան:

Տիկին Ալիսան արդեն չի նեղվում, որ իր ծննդյան օրը վարսավիրանոց գնալու, նոր շորը հագնելու եւ կոմպլիմենտներ ստանալու փոխարեն ալյուրոտ գոգնոցը հագին հեռախոսով շնորհավորանքներ է ընդունում։

Կատակով ասում է` ինքն իրեն մխիթարում է մանկությունից ծնողներից լսած բառերով. «Դու մեր Նոր տարվա ամենալավ նվերն ես»։