Հյաստանի այն քաղաքները, որոնք դեկտեմբերի 6-ին քվեարկեցին սահմանադրական փոփոխությունների օգտին, դարձան կեղծիքի մայրաքաղքներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, վերջին մի քանի օրերին, իրենք այցելել են նաեւ այդ քաղաքներ, որտեղ համոզվել են դրանում:

«Կապանում, Սիսիանում, Էջմիածնում նրանք հրապարակ իջեցրին իրենց ինքնախոստովանանքը, ոչ միայն խանգարելու, այլեւ ցույց տալու, որ իրենք են այդ քաղաքների տերերը: Ո՞վ ռիսկ կանի հայ մարդուն ասել գնացեք այս քաղաքից, ասելով «սա իմ քաղաքն է»»,-ասաց Րաֆֆի հովհաննիսյանը՝ նշելով, որ չի հավատացել, երբ տեսել է՝ ինչպես են իրենց հանրահավաքները խոչընդոտող քաղաքացիները ելումուտ անում ինչպես կուսակցական կառույցների շենքերում, այնպես էլ ԵԿՄ շենքերում: Նշելով որ վերջին օրերին իրենց անցկացրած քաղաքացիական ժողովներում համաձայնության են եկել օրակարագային հիմնական հարցերի շուրջ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր խոսքով ժողովրդի պահանջը ուժային կառույցների ղեկավարներին:

«Հովսեփյան, Հակոբյան հայ ժողովուրդը ձեզ հանձնարարում է անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին դեկտեմբերի 6-ին, դրանից առաջ ու հետո պետական հեղաշրջման փորձ կատարած բոլոր մակարդակի շտաբի պետերին, նրանց տեղակալներին, մարզպետերին, քաղաքապետերին ու գյուղապետերին, ընտրական հանձնաժողովների ղեկավարներին ու բոլոր այն քաղաքացիների, ովքեր կազմակերպեցին, կատարեցին կամ մեղսակից դարձան պետական դավաճանությանը: Հակառակ դեպքում դուք եւս կընկնեք անգործության կամ մեղսակցության հոդվածների տակ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ ապրում է իր վախճանը եւ շուտով կլինի Հայաստանի վերածնունդը:

Նշենք, որ  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Երեւանի Ազատության հրապարակոմ ամենօրյա նստացույցերով եւ Երեւանում ու մարզերում պարբերական հանրահավաքներով պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները: