Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզական մարմնի կազմում ստեղծված են հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են ծանր հանցագործությունների, մասնավորապես պատվերով սպանությունների օպերատիվ բացահայտմամբ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ  Գորիկ Հակոբյանը։

Նրա խոսքով, վերջին նմանատիպ դեպքը, կապված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա: «Մեր ծառայության բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք այս պահին էլ զբաղվում են նման ծանր հանցագործությունների բացահայտման խնդիրներով, ունեն բոլոր պահանջվող որակները, նորագույն գիտելիքներն ու փորձը, որը կա աշխարհի ամենաարդյունավետը համարվող հատուկ ծառայություններում:

Ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում կասեցվել է նաեւ օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած անդրազգային մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քարտերով Հայաստանի Հանրապետության տարածքում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասել է Հակոբյանը:

Բացահայտվել են միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների, ինչպես նաեւ կապի օպերատորների նախկին ղեկավարների կողմից խոշոր գումարների յուրացման նպատակով 2,5 միլիոն դոլարից ավելի անապրանք գործարքների դեպքեր, որոնց արդյունքում պատճառված 830 միլիոն դրամի չափով վնասը նույնպես վերադարձվել է պետական բյուջե:

Հայաստանի Հանրապետություն տարբեր տեսակի ապրանքների մաքսանենգ ներկրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը:

«Հակահետախուզական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում է գտնվում նաեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Տվյալ ուղղությամբ աշխատանքի արդյունքում բացահայտվել են նշված գործունեության կազմակերպման նոր ուղիներ եւ խմբեր, բաղկացած այդ թվում օտարերկրացիներից, որոնք ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Ակնառու ցուցանիշներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է բացահայտել Հայաստանի Հանրապետության տարածքով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. առաջինը` Լատինական Ամերիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը` Իրանից Հայաստանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտվել եւ խափանվել է նշված ուղիներով Հայաստանի Հանրապետության տարածք 1 տոննա «Հերոին», շուրջ 23 կգ «Կոկաին», 13 կգ «Ափիոն» եւ 36 կգ «Մետամֆետամին» տեսակի թմրանյութերի մաքսանենգ ներկրման փորձ: Տարբեր երկրների «սեւ շուկաներում» այս ամբողջ ծավալի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի սահմաններում»,- նշել է ԱԱԾ տնօրենը: