Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարները  Մոսկվայում դեկտեմբերի  21-ին Արտգործնախարարների խորհրդի նիստին   (ԱԳՆԽ) կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ: Այդ մասին հայտնել  են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն հարցերի համալիր, որը քննարկման կդրվի ՀԱՊԿ  Համատեղ անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա նույն օրը` Կրեմլում, տեղեկացրել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից:  Սեւեռուն ուշադրություն կհատկացվի միջազգային ահաբեկչության դեմ պայքարին եւ դրա հետ կապված մարտահրավերների եւ սպառնալիքների կանխարգելման միջոցներին»:

«Նախարարները կարծիքներ կփոխանակեն ՀԱՊԿ մշտական աշխատանքային մարմինների հետագա կատարելագործման ուղղությամբ», - հավելել են նախարարությունից:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ կազմակերպության անդամ երկրների առաջնորդները  Համատեղ անվտանգության խորհրդի նիստին հայտարարություն կընդունեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: