Ռուանդայի քաղաքացիները հանրաքվեին քվեարկել են երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու օգտին, որոնք գործող նախագահ Պոլ Կագամեին թույլ կտան իշխանությունը պահել մինչեւ 2034 թվականը:
Ռուանդայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, փոփոխությունների օգտին է քվեարկել մասնակիցների 98 տոկոսը: Եթե փոփոխությունները հաստատվեն, Կագամեն կկարողանա 2017-ին վերընտրվել երրորդ ժամկետով, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոփոխությունների շնորհիվ նախագահը կկարողանա հավակնել ոչ միայն եւս մի յոթամյա ժամկետի (ներկա սահմանադրությանը համապատասխան), այլեւ` եւս երկու հնգամյա ժամկետի:
ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի մի շարք երկրներ ավելի վաղ քննադատել էին երկրի հիմնական օրենքում հնարավոր փոփոխությունները: Իրավապաշտպան խմբերը պնդում են, որ Ռուանդայի իշխանությունները ճնշում են ընդդիմությանը եւ անկախ լրատվամիջոցներին: Ինքը` 58-ամյա Կագամեն առայժմ չի հայտնել` արդյոք իր թեկնածությունը դնելու է 2017-ի ընտրություններին: Կագամեն նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2000-ի մարտից:




























