Արդեն երրորդ տարին Արագածոտնի մարզի Կոշ համայնքում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ հիմնված «Արմենակ եւ Աննա Թադէոսեանների» անվան մանկական վերականգնողական եւ ցերեկային խնամքի կենտրոնը` կահավորված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով եւ գույքով:

Վերջին երկու տարիներին կենտրոն հաճախող թվով 20 երեխաների ֆինանսական ծախսերի զգալի մասը հոգում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ծառայությունը հասանելի դարձնել սոցիալապես անապահով ընտանիքների մտավոր եւ ֆիզիկական սահմանափակ կարողություններով երեխաներին:

«Բարի արարքները մարդկության գլխավոր նպատակին հասնելու՝ կյանքը յուրաքանչյուրի համար ավելի լավը դարձնելու, ուղին են: Կա՞ արդյոք առավել թանկ զգացում ծնողի համար, քան երեխաներին առողջ ու երջանիկ տեսնելը: Աջակցելով այս երազանքի իրագործմանը՝ կարող ենք աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնել: Մեր մասնակցությունն այս ծրագրին պայմանավորված է այն համոզմունքով, որ ծնողները չպետք է միայնակ լինեն իրենց հասակակիցներին զարգացման մեջ զիջող երեխաների մասին հոգ տանելու հարցում: Ընդամենը պետք է օգնության ձեռք մեկնել անմնացորդ նվիրված ծնողներին՝ իրենց երեխաների զարգացման առաջընթացը տեսնելուն ուղղված ամենօրյա ջանքերը հաջողությամբ պսակված տեսնելու համար: Արժե ամեն ինչ անել, որպեսզի ծնողական երջանկության հնարավորություն տալ հայրերին եւ մայրերին, ովքեր անցնում են հույսի ու հուսախաբությունների ճանապարհով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երեխաների տեղափոխումը տանից դեպի վերականգնողական կենտրոն իրականացվում է հարմարավետ ավտոբուսներով: Կենտրոնում երեխաներն անցնում են վերականգնողական թերապիա, ապահովվում են երկանգամյա սնունդով, ինչպես նաեւ կազմակերպվում է նրանց ժամանցը եւ տեղափոխումը տուն: Ցերեկային ստացիոնարը իրականացվում է 09:00-ից մինչեւ 18:00, շաբաթը՝ 5 օր:

Վերականգնողական եւ խնամքի ծառայութուններ ստանալուն զուգահեռ երեխաները կենտրոնի ընդարձակ խաղասենյակում մասնակցում են խմբային խաղերի եւ հանգստանում իրենց համար հարմարեցված ննջասենյակներում: Ծրագիրը խթանում է երեխաների մտավոր ունակությունների զարգացումը, ֆիզիկական կարողությունների վերականգնումը, ադապտացումը շրջապատող միջավայրում, ինքնուրույնության ձեռք բերումը կամ ամրապնդումը:

«Արմենակ եւ Աննա Թադեոսեանների» անվան մանկական վերականգնողական եւ ցերեկային խնամքի կենտրոնն իր ծառայությունները տրամադրում է ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից (մասնավորապես Երեւանից եւ Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր առողջական լուրջ խնդիրների հետեւանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից:

2013-2015 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնին է տրամադրել ավելի քան 43 միլիոն դրամի աջակցություն:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես: