ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) եւ հարկային մարմինների միջեւ դատական վեճը լուծում չի ստանում: Նիստը հերթական անգամ հետաձգվել է, մինչդեռ պատգամավորը հույս ուներ, որ նոյեմբերին արդեն վճիռը կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը` անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի դատական վեճին:
«Հարկային համակարգն ամեն ինչ անում է, որ դատն անընդհատ հետաձգվի: Հարկային մարմինները իրավական առումով որակյալ չեն եւ համոզում են դատական մարմիններին ու անընդհատ հետաձգվում է»,-ասաց Աղոբաբյանն` ընդգծելով, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը միտումնավոր է իր նկատմամբ դա անում:
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը միտումնավոր չէ արել, այլ համապատասխան բաժինը ռիսկեր տեսնելով` ստուգել ու տուգանել է, ինչը դատարանում կպարզվի` ճիշտ է, թե սխալ: Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի այս պնդումներին` Աղաբաբյանը արձագանքեց. «Ես կարդացել եմ`ինքը ինչ է ասել, ես անձամբ իր կողմից միտում եմ տեսնում, ու ես դա իրան էլ եմ ասել: Ասել եմ` տակից դուրս չի գալու, կյանքն ու պաշտոնը հավերժ չեն, ինձ ով որ վատություն է անում, Աստված իրեն պատժում է, իրան չպատժի, ինքը մենակ ինձ չի վատություն արել, սաղ հանրապետության միջին խավին Հայաստանից լարել ա: Իմ հանդեպ ամենամեծ վատություն անողները երկու Գագոն են` Խաչատրյանն ու Ծառուկյանը»,-զայրացած ասաց պատգամավորը:
Ըստ Աղաբաբյանի` Ծառուկյանի «վատությունն» այն է, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին շահեկան պայմաններով առաջարկեց տեղափոխվել «Առինջ մոլ»:
Ի դեպ, Աղաբաբյանից բացի հարկային մարմիններն ավելի մեծ չափով տուգանել էին նաեւ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի` «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանին, սակայն դատական վճիռն ավելի շուտ եղավ եւ պատգամավորի օգտին: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` Հակոբ Հակոբյանը այդ հաղթանակին կարողացել է հասնել նախագահականում մանրամասնորեն ներկայացնելով իրավիճակը: Մեր հարցին, թե փորձե՞լ է իր կուսակից գործընկերոջ օրինակին հետեւել ու քննարկել հարցն, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ, Աղաբաբյանը պատասխանեց:
«Նման հարցերով, ես նման տեղեր չեմ գնում: Եթե դատարանում չպաշտպանեմ իմ իրավունքները, բա որտե՞ղ պաշտպանեմ: Ուրիշ տեղ կա՞ պաշտպանելու, ինձ համար ընդունված չէ այլ ձեւերով պաշտպանել»:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել Աշոտ Աղաբաբյանին պատկանող ընկերությունում եւ տուգանել 60 միլիոն դոլարով: «Հրազդան» մարզադաշտը դեռեւս օգոստոսին սնանկ է ճանաչվել: Աղաբաբյանը տուգանքի որոշումը անհիմն է համարում եւ այժմ դատարանում վիճարկում է այն:




























