«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ չի համարում քաղաքացիներին հիշեցնել 2013-ի իր կիսատ թողած պայքարի մասին, քանի որ ինքը չէր ուզում գնալ արյան ճանապարհով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ազատության հրապարակի այսօրվա սակավամարդ ցույցերը քաղաքական գործիչները, ՀՀԿ-ականները վերագրում են 2013 թվականին իր ձախողված պայքարին՝ ասելով, թե ժողովուրդը հիասթափված է, քանի որ հազարավորներին փողոց հանեց, վճռական պահին ոստիկանապետի հետ աղոթեց ու նրանց ճանապարհեց տուն։
Անդրադառնալով այս մեկնաբանություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց չհիշեցնել հիասթափության մասին։
«Կարծում եմ, որ սխալ է ժողովրդին հիշեցնել ինչ-որ հիասթափության մասին։ Բոլորս էլ անցնում ենք կյանքի այդ օրը։ Ես որոշեցի գնալ անարյուն ճանապարհով ոստիկաններին ու քաղաքացիներին չենթարկել սադրանքների։ Միգուցե, մեկը, որ ուզում էր արյուն, գրոհ, չվստահի մեզ, դժգոհի»,-ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ ժողովուրդը հիմա ոչ թե անվստահության ու հիասթափության մեջ է, այլ հապշտապ խնդրի լուծման կարոտ։
«Այս իշխանությունը, գողացել է ժողովրդի քվեն, արժանապատվությունը։ Եթե հիմա հակաճգնաժամային լուծում չգտնենք, մի օր պիտի պայթի։ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Իսկ բռնության, արյան պատասխանատվությունը բնակվում է Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի եւ դեկտեմբերի 6-ի ոճրագործների մոտ»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը։




























