ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերի դեկտեմբերի 17-ի հայտարարությունից հետո Կոնգրեսի անդամները սկսել են լուրջ մտահոգություն հայտնել հայտարարության հակասական լինելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Asbarez-ը, այս մասին ասված է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: Բայերն իր հայտարարության մեջ առանձնացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի արժեքավոր դերը:

Ինչպես նշել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն, Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի ակտիվ եւ բաց աջակցությունն ակնհայտ էր հենց սկզբից: Նա նշել է, որ նման հայտարարությունները հանգեցնում են միայն բանակցային գործընթացի բեւեռացմանը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ, հաշվի առնելով  Թուրքիայի վարքը եւ Բաքվին ցուցաբերած նրա ակնհայտ աջակցությունը, Թուրքիան ոչ մի դեպքում չի կարող շփման գծի հակամարտության մեջ հադնես գալ որպես չեզոք կողմ:

«Լեռնային Ղարաբաղին նոր հարցեր ներկայացնելու փոխարեն՝ բոլոր երկրները պետք է պահանջեն սահմանի երկայնքով մշտադիտարկման տեխնոլոգիաներ տեղակայել: Հայաստանը պատրաստակամորեն համաձայնել է, սակայն դեմ է արտահայտվել Ադրբեջանը, անկասկած այն պատճառով, որ դա կբացահայտեր նրա ագրեսիան», - ասել է նա:

Մշտադիտարկման միջոցներ տեղակայելու մասին Ադամ Շիֆի կոչերը Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ հանրապետական Էդ Ռոյսի եւ դեմոկրատ Էլիոթ Էնգելի պլանի կարեւոր մասն է, որին աջակցում են Ադամ Շիֆն ու Պալատի ավելի քան 80 ներկայացուցիչ: Կոնգրեսականնները ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին առաջարկում են ապահովել դիպուկահարներին հետ քաշելը, մեծացնել մշտադիտարկման առաքելության կազմը եւ հրաձգության լոկատորներ տեղադրել, որը թույլ կտա պարզել հրադադարի ռեժիմը խախտողին:

Հայաստանն ու Ղարաբաղը, ինչպես նաեւ Բարաք Օբամայի վարչակազմը համաձայնել են Կոնգրեսի այդ առաջարկին: Միայն Ադրբեջանը հրաժարվում է այդ միջոցներից: