Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը եւ հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:
Բեռնում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:




























