ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը «երկկողմանի սխալ» է անվանել ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հարվածը, որի հետեւանքով իրաքցի զինվորականներ են զոհվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Associated Press-ին:

Ավելի վաղ Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին հաստատել էր իրաքցի ինը զինվորականի մահը ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի սխալ հարվածի հետեւանքով, որը հասցվել էր ուրբաթ: 

«Էլ-Ֆալուջա քաղաքի հատվածում դաշինքի ՌՕՈՒ-ն էր աջակցում ցամաքային ուժերի առաջընթացին, որովհետեւ իրաքյան ուղղաթիռները չէին կարող թռչել եղանակային վատ պայմանների հետեւանքով: Զոհվածների վերջնական թիվը ինը մարդ է, այդ թվում նաեւ բանակի մեկ սպա», - Իրաքի պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Ամերիկյան ավիացիան 2014-ի օգոստոսի 8-ից սկսել է ռմբակոծել Իրաքում ԻՊ-ի ջոկատների դիրքերը, իսկ Սիրիայում` սեպտեմբերի 23-ից: Իրաքում ԱՄՆ ՌՕՈՒ-ի հետ համատեղ մարտական գործողություններին մասնակցում են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի, Նիդերլանդների եւ Ֆրանսիայի ինքնաթիռներ, Սիրիայում` Ավստրալիայի, Բահրեյնի, Հորդանանի, Կանադայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի: