Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակչուհի Խաթուն Մամոյանի դուստրը երկու ամսից մեկ տարեկան կդառնա: Ռոզայի ծնունդը Միրաքում ու Ծաղկահովիտի հիվանդանոցում որպես տարվա իրադարձություն են հիշում:

Միրաքում Խաթունի ծննդաբերելու լուրը միանգամից տարածվեց, շուտով Խաթունի արտակարգ ծննդաբերության մասին իմացավ ամբողջ հանրապետությունը։ Առատ ձնից փակված ճանապարհով նրան հիվանդանոց հասցնելու համար ահազանգեցին փրկարարներին, «Շտապօգնություն», համագյուղացիներն էլ կազմ-պատրաստ կանգնեցին, որ անհրաժեշտության դեպքում կնոջն ինքնուրույն՝ ոտքով տեղափոխեն ծննդատուն:

«Մի շաբաթ էր՝ ձյուն էր գալիս, ճանապարհները փակ էին, անգամ քայլել չէր լինում: Ժամը 6–ին ցավերս հանկարծակի բռնեցին, ամբողջ գյուղում աղմուկը բարձրացավ, որ ծնունդ ունենք, ճանապարհը փակ է, օգնություն պիտի ցուցաբերեք: Բոլորը խառնվեցին իրար, որ հասցնեին հիվանդանոց: Գյուղապետը զանգեց հիվանդանոց, ասեցինք, որ ճանապարհները փակ են, բայց ոտքով էլ լինի, կգանք»,- NEWS.am-ին պատմեց Խաթունը:

Ծաղկահովիտի հիվանդանոցից Միրաք ուղեւորված անձնակազմը նման ահազանգ առաջին անգամ չէր ստանում. առատ ձյան պատճառով հաճախ էին ստիպված լինում ոտքով որոշ ճանապարհ անցնել՝ հիվանդին օգնություն ցույց տալու, նրան հիվանդանոց տեղափոխելու համար: Այնուամենայնիվ, բուժանձնակազմին այս անգամ ավելի լուրջ փորձություն էր սպասվում. հիվանդի տունը մայրուղուց 3 կմ հեռու էր:

««Շտապօգնության» մեքենայով գնացինք, անցնել հնարավոր չէր ոչ մի մեքենայով, անգամ ձյունը մաքրող տեխնիկան էր թաղված մնացել: Գինեկոլոգը սպասեց ճանապարհին, իսկ ես, բուժքույրն ու 7-8 փրկարար ոտքով ճանապարհ ընկանք: Մենք բժշկական խալաթով էինք, առատ ձյուն էր գալիս, տեսադաշտ չկար, շփոթվեցինք, իջանք ձորը, նորից բարձրացանք, դաշտերում էլ ՝ լիքը գայլ: Գյուղը ձորի մեջ էր, ձյունը` շատ բարձր, ոտքը դնում էինք, եթե ձյունը ձիգ էր, հաջորդ քայլն էլ էինք դնում, եթե չէ, գլորվում, ընկնում, նորից վեր էինք կենում»,- NEWS.am-ին պատմեց բուժանձնակազմի բժիշկ, Ծաղկահովիտի հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Ջիվան Սանոսյանը:

50-ամյա Ջիվան Սանոսյանի պրակտիկայում սա առաջին դեպքն էր, որ ստիպված էր ձնաբքին ոտքով այդքան ճանապարհ անցնել: Ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել է, բուժքույրն օգնություն է ցույց տվել, ապա շարունակել են ճանապարհը, 2 ժամ անց հասել են Միրաք:

«Եկան մեր տուն, ճնշումս չափեցին, գյուղում ինչքան տղամարդ կար, եկել էր, օգնեցին  փրկարարներին, դրեցին պատգարակի վրա ու ճանապարհ ընկանք: Ճանապարհը փակ էր, բուք էր, մութ, ոչ մի բան չէի տեսնում դիմացս, հույս չունեի, որ կհասնեմ, չգիտեի՝ կփրկվեի, թե չէ: Ճանապարհին անընդհատ ասում էին՝ չվախենաս, հասնում ենք»,- պատմեց Խաթունը:

Եթե անգամ երեխան մինչեւ «Շտապօգնության» մեքենային հասնելը ծնվեր, բժիշկը կասկած չունի, որ ամեն ինչ բարեհաջող ելք էր ունենալու, Խաթունի եւ երեխայի կյանքը փրկելու էին:

«Իհարկե, վախենում էինք, որ կարող է ճանապարհին էլ ցավերը բռներ, բայց դե ինչ արած: Եթե հանկարծ ծննդաբերելու լիներ, պետք է հենց ճանապարհին էլ ծնունդն ընդունեինք»,- ասում է բժիշկը:

Կնոջը հիվանդանոց տեղափոխելուց մի քանի ժամ անց նրա չորրոդ զավակը՝ Ռոզան, լույս աշխարհ էր եկել: Խաթունի խոսքով՝ դեպքի մասին հիշելիս իրեն թվում է, թե այդ ամեն ինչը իր հետ չի պատահել:

Բժիշկը հումորով նկատում է, որ այդ արտառոց դեպքը երբեք չի մոռանա, թեկուզ այն պատճառով, որ անընդհատ հիշեցնել է տալիս այդ օրվանից հետո անոթների խցանումից առաջացած ոտքի խնդիրը, որի պատճառով այժմ դժվարությամբ է քայլում: Ջիվան Սանոսյանը, այնուամենայնիվ, դրա մասին քիչ է խոսում, քանի որ ասում է՝ մոր ու երեխայի կյանքը փրկելու դիմաց դա չնչին փոխհատուցում է:

«Մենակ ափսոս, որ դու քրտնում ես ու աղջիկ ա ծնվում, չեն կարում անունդ դնեն»,- կատակում է նա: