Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչումը եւ լիարժեք միջպետական հարաբերությունների հաստատումը պետք է լինի վերջնական որոշումը, որից կշահեն բոլոր կողմերը, դա օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար, ասել է Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան:
«Մենք խորապես համոզված ենք, որ Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչումը եւ նրա հետ միջպետական լիարժեք հարաբերությունների հաստատումն է աբխազական հարցի վերջնական լուծումը ինչպես իր` Վրաստանի համար, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր առմամբ, ընդ որում դրա արդյունքում կշահեն բոլոր կողմերը», - ասել է Չիրիկբան Sputnik-ին տված հարցազրույցում:
Նա ենթադրում է, որ «դրան հասնելու համար քաղաքական իմաստնության եւ կամքի ուժի շատ բարձր մակարդակ է անհրաժեշտ, որը Վրաստանի ներկայիս ղեկավարության շրջանում, ցավոք, չի դիտարկվում»:
«Այդ պատճառով մենք կշարունակենք Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը` բոլորովին չգայթակղվելով մոտակա առաջընթացի հույսով, միաժամանակ աշխատելու ենք արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններով, դաշնակցային եւ գործընկերական հարաբերություններ հաստատելով հավասարապես Ռուսաստանի եւ այլ բարեկամական երկրների հետ, նոր կապեր հաստատելով, միջազգային լայն ճանաչման հասնելով», - հավելել է դիվանագետը:
Չիրիկբան նաեւ նշել է, որ ուժ չկիրառելու մասին համաձայնագրի ստորագրումից Վրաստանի հրաժարումն այն մասին է վկայում, որ Թբիլիսիում ջանում են Աբխազիայի եւ Հյուսիսային Օսեթիայի նկատմամբ ուժ կիրառելու իրավունք «պահեստավորել» իրենց համար:
Անդրադառնալով ժնեւյան բանավեճերին` Չիրիկբան նշել է, որ «գործընթացը բավականին դժվար է ընթանում. «Օրակարգի առանցքային հարցը Վրաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է: Սակայն Վրաստանը հրաժարվում է նման փաստաթուղթ ստորագրել: Դա նշանակում է, որ նա Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դեմ ուժ կիրառելու իրավունք է վերապահում իրեն: Հրաժարման այլ բացատրություն չի դիտարկվում», — ասել է Չիրիկբան:



























