Air France ավիաընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Գաժեն (Frederic Gagey) կասկածելի առարկայի պատճառով Քենիայում հարկադրական վայրէջք կատարած ինքնաթիռի հետ կապված միջադեպը գնահատում է որպես անհաջող կատակ:
«Դա անհաջող կատակի է նման: Նման պահվածքը բոլորովին անտեղի է», — ասել է Գաժեն: Նա հավելել է, որ հետաքննությունը կպարզի, թե ով է թույլ տվել այդ «հիմար» արարքը եւ կասկածելի իրը թողել զուգարանում, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:
Գաժեի խոսքով, առարկան իրենից ներկայացնում է ստվարաթղթե տուփ, ներսում թղթերով եւ «խոհանոցային թայմերով»: Այս պահին հետաքննության շրջանակում չորս մարդ է ձերբակալվել, նրանք բոլոր ինքնաթիռում են եղել: Իշխանությունները հարցաքննում են նրանց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը Մավրիկիայից Փարիզ չվերթ էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Մոմբասայի (Քենիա) օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռի զուգարանում կասկածելի իր է հայտնաբերվել: Ինքնաթիռում 459 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 14 անդամ:
Ավելի ուշ Facebook-ում Քենիա օդանավակայանների ադմինիստրացիայի էջում հայտարարություն էր հայտնվել, որում ասվում էր, որ տեղի անվտանգության ծառայությունը ինքնաթիռում ռումբ է հայտնաբերել, պայթուցիկների մասնագետ տեխնիկաները դա տարել են օդանավակայանի սահմաններից դուրս` ապահով վայր:
Որոշ ժամանակ անց հայտարարությունը խմբագրվել է եւ նոր տարբերակում սոսկ նշված է, որ «կասկածելի առարկան» դուրս է տարվել եւ հետաքննություն է կատարվում:
Հետագայում Air France ավիաընկերության ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել է, որ միջադեպը «կեղծ ահազանգ» է եղել, իսկ հայտնաբերված առարկան ուղեւորների եւ անձնակազմի համար վտանգ չէր ներկայացնում:



























