Սեպտեմբերի 10-ին, ժամը 14:00-16:00-ին,  Հայաստանի  ամերիկյան  համալսարանում կունենա  ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, Քենեդիի անվան կառավարման ինստիտուտի տնտեսական զարգացման ֆակուլտետի պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանի հանդիպումը Հայաստանի տնտեսագիտական ուղղվածություն ունեցող բուհերի ուսանողության եւ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ը հայտնում են, որ Ներսես Երիցյանը հանդես կգա ելույթով, իսկ Ռիկարդո Հաուսմանը, ով նաեւ Վենեսուելայի էկոնոմիկայի նախկին նախարարն է եղել, կներկայացնի «Տնտեսական զարգացման գաղտնիքը» թեմայով  դասախոսություն:

Հանդիպման ավարտին բանախոսները կպատասխանեն ուսանողների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ռիկարդո Հաուսմանը Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրենն է եւ Քենեդիի անվան կառավարման ինստիտուտի տնտեսական զարգացման ֆակուլտետի պրոֆեսոր: Նախկինում  եղել է Միջամերիկյան զարգացման բանկի առաջին գլխավոր տնտեսագետը (1994-2000թթ.), որտեղ ստեղծել է հետազոտական բաժին: Եղել է Վենեսուելայի պլանավորման նախարար (1992-1993թթ.) եւ Վենեսուելայի կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Նաեւ վարել է ԱՄՀ-Համաշխարհային բանկ Զարգացման հանձնաժողովի նախագահի պաշտոնը: