ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալությունը չի զարմացրել: Այսօր` դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը: Լրագրողների հարցին, թե իրենցի վատ բան սպասում էր, կցկտուր ասաց. «Հա, սպասելի ա… բիձա մարդ ա… լավ են արել»: Շիրխանյանի վերաբերյալ Սարոյանը երկար չխոսեց, փոխարենը ուրախ-զվարթ զրուցում էր նոր տարվա տոնակատարության մասին:
Անդրադառնալով մարդկանց ամանորյա ծախսերին` ասաց. «Մարդիկ ուզում են ուրախ տարի անեն, որ մյուս տարի լավ լինի, էն էլ մյուս տարի լավ չի լինում: Մեր ազգը էս ամբողջ տարին չարչարվում ա էդ մեկ օրվա համար, որ ուրախանա»: Լրագրողներից մեկի հիշեցմանը, թե տնտեսական ճգնաժամի դեպքում ինչ ուրախ նոր տարի, նշեց. «Հլա հելի տես ռեստորաններում տեղ կա՞»:
Սեյրան Սարոյանը 2016-ից մի ակնկալիք ունի` խաղաղություն: Անգամ երդվեց, որ դա է իր միակ ցանկությունը. «Պապայի արեւ, մենակ խաղաղություն լինի»: Ներքաղաքական զարգացումների հետ կապված նա հիշեցրեց արդեն իրականացած կանխատեսումը:
«Քաղաքական առումով ես էն ժամանակ ասեցի`ցուրտը տվեց, սաղ էթալու են տուն: Տեսա՞ր, մի քանի հոգի են մնացե, պահանջ չկա»: Նշեց նաեւ, որ նոր տարին տանն է անցկացնում` «մեծ նաֆարով», հայրենասիրական երգերով:



























