Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պաշտպանական մարտի ընթացքում զոհված 19-ամյա Սիդար Ալոյանի հոգեհանգիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը:

Գյուղապետը նշեց, որ հոգեհանգստին ներկա են եղել զինվորականներ` այդ թվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, Արագածոտնի մարզպետը, հարազատներ, ընկերներ:

Սիդար Ալոյանը կարատեիստ էր, մասնակցել էր միջազգային առաջնության: Նա դեպքից ժամեր առաջ խոսել էր հոր հետ, ասել, որ հրաշքով է փրկվել. Հակառակորդի գնդակից կասկան գլխից ընկել է, բայց վիրավորում չի ստացել:

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել էին պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ)` հետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը: