Բարաք Օբաման, աշխարհի 65 երկրում WIN/Gallup International-ի իրականացրած հարցման համաձայն, աշխարհի  տասն առաջնորդների մեջ ամենամեծ հավանությանն է արժանացել: 

Ամերիկյան առաջնորդին դրական է գնահատում հարցվածների  59 տոկոսը,  29 տոկոսը նրան բացասաբար է վերաբերվում: Օբամային հատկապես ջերմորեն են ընդունում Հարավային Ասիայում (76 տոկոս), ԵՄ-ի երկրներում (67 տոկոս), Լատինական Ամերիկայում (65 տոկոս), Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում (65 տոկոս), ինչպես նաեւ Արեւելյան Ասիայում (65 տոկոս): Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Հյուսիսային Աֆրիկայում ամերիկացի առաջնորդին դրականորեն է գնահատում 33 տոկոսից ոչ ավելին, ասվում է WIN/Gallup International-ի մամուլի հաղորդագրությունում:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը: Նրան աջակցում է ամբողջ աշխարհում հարցվածների   42 տոկոսը, 29 տոկոսը բացասաբար է վերաբերվում: Առաջնորդների եռյակը եզրափակում է բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնը իրեն  համակրողների 37  եւ բացասաբար վերաբերվողների  28 տոկոսով: Քեմերոնին հիմնականում աջակցում են Հարավային Ասիայում  (53 տոկոս) եւ Հյուսիսային Ամերիկայում (46 տոկոս):

Ռուսական առաջնորդ Վլադիմիր Պուտինին ամբողջ աշխարհում դրական է վերաբերվում հարցվածների   33 տոկոսը: Այդ ցուցանիշով նա առաջատար եռյակից բացի, զիջում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին  (նրան համակրում է հարցվածների  35 տոկոսը): Սակայն համակրանքի ինդեքսի համաձայն  (դրական եւ բացասական գնահատականների միջեւ տարբերությունը), Պուտինն ընդամենը ութերորդ տեղում է. նրան բացասաբար է վերաբերվում հարցվածների  43 տոկոսը (–10 տոկոս): Ռուսական առաջնորդից ներքեւ համակրանքի ինդեքսի առումով ընդամենը Սաուդյան Արաբիայի  (–11 տոկոս) եւ Իրանի (–13 տոկոս) առաջնորդներն են:

Ռուսական նախագահին ամենից ավելի աջակցում են հետխորհրդային երկրներում   (55 տոկոս): Նրան բացասաբար վերաբերվող հարցվածների ամենամեծ տոկոսը ԵՄ-ի եւ Եվրոպայի երկրներում է. (67 տոկոս) եւ Հյուսիսային Ամերիկայում (65 տոկոս): Միաժամանակ Օբաման եւ Պուտինն աշխարհի ամենաճանաչելի առաջնորդներն են: 

Հարցմանն աշխարհի 65 երկրից մոտ 64 հազար մարդ է մասնակցել, տեղեկացնում է  РБК-ն: