Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Չտարածման եւ սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը եւ նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը:
Կողմերը քննարկեցին միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության, փաստաթղթերի համահեղինակման առնչությամբ։
Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատեցին որպես կարեւոր միջոցառում՝ դիրքորոշումների հստակեցման եւ համաձայնեցման առումով եւ ընդգծեցին շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։



























