2015-ին Հայաստանի կառավարությունը շարունակել է սոցիալապես խոցելի գյուղացիների սեզոնային զբաղվածության խթանման ծրագիրը: Այդ մասին դեկտեմբերի 22-ին լրագրողներին տեղեկացրել է հանրապետության Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության ղեկավար Արտակ Մանգասարյանը:  

Նրա խոսքով, 2015-ին նոյեմբերի 27-ի դրությամբ ծրագիրը   472 գյուղ է ընդգրկում, ընդ որում նրա ընդհանուր բյուջեն   2014-ի համեմատ համարյա կրկնակի աճել է եւ կազմել    1 մլրդ  25 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 2,14 մլն դոլար):

Դրանից ծախսվել է 880 մլն-ը, որովհետեւ տեղի վարչակազմերը (մարզպետները եւ գյուղերի ավագանիները) ոչ միշտ են կարիքավորների ամբողջական ցուցակներ կազմում:  Վճարվող աշխատանքների ծրագրում պիտի ներառվեն անապահով գյուղացիները, որոնք համապատասխանում են  2014-ին կառավարության ընդունած թիվ  534 որոշման չափանիշներին: Բայց առայժմ գյուղերի ոչ բոլոր ավագանիներն են բավականաչափ ծանոթ դրան: Ոմանք էլ չեն ուզում աշխատանքի ցուցակներ կազմել համագյուղացիներին իրար հետ չկռվեցնելու համար: 

Վճարվող աշխատանքում ամեն ընտանիքից 2 մարդ կարող է ներգրավվել: Օրական նրանց 4-հազարական դրամ է վճարվում (8 դոլարից մի քիչ ավելի): Ծրագրով աշխատել կարող են նաեւ ուրիշի հողը վարձակալածները, եթե դրա համար վարձակալության պայմանագիր ունեն: Տարեկան 1 գյուղացուն հատկացվող օգնությունը չի կարող գերազանցել  350 հազար դրամը: Բացի այդ, գյուղտեխնիկայի աշխատանքի 1 ժամվա համար նախատեսված է  5 դրամ վճարել:

Այնուամենայնիվ, նշել է Մանգասարյանը, ծրագրի հիմնական նպատակը իրենց` գյուղացիների աշխատանքը խթանելն է: Այդ պատճառով առավելապես աջակցում են  ոչ մեքենայացված` ձեռքի աշխատանքի մեծ մասնաբաժին պահանջող մշակություններ աճեցնելուն   (օրինակ` հատիկայիններ): Բացի այդ, ծրագիրը չի ֆինանսավորում տնամերձ հողատարածքների մշակությունը: