Գյումրեցի 19-ամյա Գառնիկ Առաքելյանը զինվորական ծառայության երկու տարիների ընթացքում մեկ անգամ է նամակ ուղարկել ընտանիքին, այն էլ «կատակով»:

«Մի անգամ կատակի համար մի նամակ էի ուղարկել տուն, ասեցի՝ թող պապան իրա ծառայած վախտերը հիշի»,- պատմում է Գառնիկը, որը նամակով ընտանիքի անդամներին խնդրել է չտխրել իր ժամանակավոր բացակայությունից, վստահեցրել, որ ծառայությունը լավ է անցնում, ու որ ինքն արդեն համակերպվել է նոր ապրելակերպին:

Գառնիկը, իհարկե, նամակում չի գրել, որ իրականում կա մի բան, ինչից նեղվում է. անգամ հիմա, երբ օրեր անց կզորացրվի, նա ամեն օր նույն դժվարությամբ է վաղ արթնանում։

 «Առավոտյան շուտ արթնանալուն ես սովոր չէի, տանը շատ էի քնում, ստեղ մոռացա դրա մասին: Սովոր չէի վազելուն, ֆիզպարապունքներին, ընթացքում դրան էլ սովորեցի: Բացի այդ՝ մի սովորություն ձեռք բերեցի ստեղ` սկսեցի կարոտել տնեցոնց, առաջ չէի կարոտում»,- ժպտում է Գառնիկը:

Առավոտյան 6 անց կես արթնանալը Գառնիկի բոլոր ծառայակիցների հիմնական դժվարություններից է եղել ծառայության սկզբում։ Մի քանի օր անց, սակայն, արդեն բանակի ռեժիմը սովորական դարձավ։ Ամեն օր մայրիկի լվացած, արդուկած հագուստը հագնելուն սովոր պատանիներն իրենք էլ չհասկացան, թե երբ սովորեցին ինքնուրույն լվանալ գուլպաներն ու շապիկը, արդուկել համազգեստը, ոմանք կյանքում առաջին անգամ թելուասեղն այստեղ ձեռքը վերցրին` ենթաօձիքը կարելու համար։ 

Մայրիկի «այսօր ի՞նչ ես ուզում ուտել» հարցին սովոր պատանիները շուտով սովորեցին նաեւ բանակային համեստ, ոչ բազմազան խոհանոցին։ Սկզբում անհաղթահարելի թվացող այս դժվարությունները արդեն կոփված տղաներին ժամանակի հեռավորությունից «խաղուպար» են թվում։

«Սննդի հետ սկզբում չէինք հարմարվում, բայց հիմա սովորական ա: Էդ էն բանը չի, որից տղամարդը պիտի բողոքի»,– ասում է լոռեցի Սլավիկ Քուչիկյանը։

Ապագա նորակոչիկներին տղաները խորհուրդ են տալիս մինչեւ ծառայության մեկնելը զինվորական կյանքի մասին տարբեր պատմություններին ուշադրություն չդարձնել. բանակն այն տեղն է, որտեղ ամեն մեկը կանոններին հարմարվելու իր ձեւն է գտնում։

«Սկզբում դու չես գիտակցում, թե ուր ես եկել, քեզնից ինչ են պահանջում: Բայց հետո սովորում ես։ Մինչեւ բանակ գալը մտածում ենք՝ մեծ ենք, կայացած ենք, բայց գալիս ես բանակ, գիտակցում ես, որ դու այստեղ ես կայանում, հասունանում, ավելի ռեալ ես նայում կյանքին»,– ասում է Մարատը։

«Ծառայության մասին տարբեր կարծիքներ են: Պետք չի վախենալ բանակից: Բանակի կառուցվածը հետաքրքիր ա, բանակն ես ուսումնասիրում, նոր մարդիկ, նոր ընկերներ»,– ասում է տավուշցի Բյուզանդ Ահարոնյանը։

Չկա մի բան, որի չհարմարվես, չհաղթահարես` ասում են տղաները։ Միակ բանը, ինչը նրանք այդպես էլ չեն սովորել հաղթահարել, հարազատների կարոտն է ու ծառայության երկու տարիները ամիսների, օրերի բաժանելու, ամեն առավոտ օրացույցի վրա անցած օրը ջնջելու սովորությունը:

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի