38-ամյա Անի Բադալյանը 5 տարեկան դուստր ուներ, երբ իմացավ, որ եռյակի է սպասում: Թեեւ այսօր դժվարություններն ու պատասխանատվությունը քառակի են դարձել, Անին իր մայրական գործը սիրով է կատարում:
Հղիության հենց առաջին շաբաթներին բժիշկներն Անիին համոզում էին հեռացնել երեխաներից մեկին, որ մյուսների աճին չխանգարի: Բժիշկները մտավախություն ունեին, որ երեխաներն առողջական լուրջ խնդիրներով կծնվեն: Ամուսինները ստիպված եղան ստորագրություն տալ, որ ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում: Եռյակի ծնվելուց հետո արդեն բժիշկներն էին հայտարարում՝ Անին ճակատագրական որոշում է կայացրել:
«Բժիշկներն ասում էին, որ երեք ընկերք ունեմ, եւ հնարավոր է՝ մեկը հեռացնել՝ մյուսները պահպանելով: Ես ոչ մի կերպ չհամաձայնվեցի: Կեսարյան հատումից հետո բժիշկն ուրախացած ասաց՝ Անի, դու մի ընկերք ունես, ինչ լավ է՝ չհամաձայնվեցիր մեկին հեռացնել, եթե մեկին կպնեինք, մյուսներն այսօր չէին լինի, մայրական բնազդդ հաղթեց: Ինքս էլ ի սկզբանե համոզված էի, որ ամեն ինչ լավ է լինելու եւ առողջ երեխաներ կունենամ: 34 շաբաթ դժվարություն եմ ունեցել, վերջին երկու ամիսն ընդհանրապես պառկել հիվանդանոցում, մինչեւ վերջին պահն էլ վտանգ կար, բայց ես զգում էի՝ Աստված ինձ հետ է»,- պատմում է Անին:
Հղիության ողջ ընթացքում Անիի ձեռքի տակ Նարեկացու «Մատյան ողբերգությանն» է եղել՝ «Նարեկը», որի պատվին էլ մայրը որդիներից մեկին անվանակոչել է Նարեկ:
«Մյուս որդուս անունն էլ Մարտին է՝ ի պատիվ հայրիկիս, որը հայտնի գեղանկարիչ է: Աղջկաս անունն էլ ամուսինս է դրել՝ համադրելով ավագ դստերս անվանը՝ Միլենա-Էլինա: Երեխաներիս ծնվելուց հետո էլ որոշակի խնդիրներ կային, սակայն հիվանդանոցի բժիշկների, բուժքույրների շնորհիվ հաղթահարեցինք բոլոր դժվարությունները»,- նշում է 38-ամյա մայրը:
Անիի լարվածությունն այսօր քառակի է. առաջին դասարանցի Միլենան, որին պետք է օգնել դասերը սովորելու հարցում, 4-ամսական Մարտինը, Նարեկն ու Էլինան: Անին զարմանում է՝ ինչպես է հասցնում 24 ժամում այսքան գործ անել. մեկին լողացնել, մյուսին կերակրել, երրորդին՝ քնեցնել, հատկապես երբ երեքով տարբեր բաներ են ուզում: Հիմա Անին ստիպված գրում է՝ ով ինչքան կաթ կերավ, որ ժամին, որպեսզի հասկանա՝ երեխայի լացն ու բողոքն ինչի հետ է կապված: Ինչպես ինքն է կատակով նշում, աճպարար է դարձել, միանգամից մի քանի աշխատանք է անում. «Հերթափոխով մայրս, քույրս, ընկերուհիս գալիս են ու օգնում ինձ, բայց միեւնույնն է՝ երկու հոգով չենք հասցնում: Մեկ-մեկ նույնիսկ երկուսին միասին եմ գրկում ու ման գալիս տանը: Հիմա ծանրացել են, գրկելը դժվարացել է, իսկ ես էլ արդեն չեմ կարողանում ուղիղ քայլել»:
Մի քանի ամիս է՝ 4 երեխաների մայրը չի քնում, օրական 24 ժամ ոտքի վրա է: Չնայած ծնողները, քույրն ու ընկերուհին օգնում են, Անիի աջ ձեռքն ավագ դուստրն է՝ Միլենան, որը քնեցնում է փոքրիկներին, խաղում նրանց հետ, զբաղեցնում, մինչ մայրը մյուսներով է զբաղված: Անին ավագ դստերը կնքել է՝ «փոքրիկ մամա»:
«Իրենց համար երգում եմ «Մութն ընկել է, ուշ է արդեն» երգը, ու իրենք խելոք քնում են: Ես պարի եմ գնում, հենց իմ պարը դնում եմ, երեքն էլ ուշադիր երկար ժամանակ նայում են»,- ասում է 6-ամյա Միլենան:
Փոքրիկներն արդեն զգում են՝ Միլենան իրենցից մեկն է. եթե մյուսների մոտ կամակորություններ են անում, իրենց խառնվածքը ցույց տալիս, ավագ քրոջը լսում են:
«4 ամսական են, բայց բնավորություններն արդեն գիտենք. Էլինան թիթիզ աղջնակ է, մարդամոտ, ժպտում է բոլորին, սիրում է շրջապատի ուշադրության կենտրոնում լինել: Մարտինը շատ լուրջ է, համբերատար, երկար կարող է սպասել՝ մինչեւ իրենով զբաղվեն: Տեսնենք՝ պապիկի նման տաղանդավոր կդառնա, թե ոչ: Նարեկն ավագ եղբոր հակապատկերն է, մի վայրկյան իսկ չի կարող սպասել, եթե սոված է կամ ինչ-որ բան կարիք ունի»,- ասում է Անին:
Բադալյանների ծախսերը երեխաների ծնվելուց հետո մի քանի անգամ շատացել են. տակդիր, արհեստական կաթ, խնամքի պարագաներ, հագուստ, ամեն ամիս այց բժիշկներին: Ցանկը երկար կարող է շարունակվել, միայն ամսական 100 հազար դրամից ավելի հատկացվում է տակդիները գնելուն:
Անին ու ամուսինը, սակայն, կենցաղային եւ ֆինանսական խնդիրների մասին միանգամից մոռանում են, երբ երեխաներից մեկը ժպտում է, ինչ-որ նոր բան սովորում կամ պարզապես մի քանի գրամ ավելի կաթ ուտում:
«Ես ու ամուսինս երեխա շատ ենք սիրում ու երջանիկ ենք այսօր, որ տանը 4 երեխա ունենք»,- խոսքը եզրափակում է Անին:




























