Հայաստանում 2015թ. ներքաղաքական լրջագույն իրադարձությունը դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ ամփոփելով քաղաքական տարին:

«Հանրաքվեից հետո կարեւորագույն իրադարձությունը ԲՀԿ-ՀՀԿ նոր հարաբերություններն են, որոնց արդյունքում լուրջ քաղաքական վերադասավորումներ եղան քաղաքական դաշտում: Այնուհետեւ արդեն «Էլեկտրիկ Երեւան»-ը, որը հիմք հանդիսացավ քաղաքացիական դաշտի կայացման համար»,- ասաց քաղաքագետը:

Արտաքին քաղաքական իրադարձություններից Մարկարովն առանձնացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, իսկ կարեւորագույն իրադարձությունը՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսումը:

«Այս տարի նույնպես լարված էր սահմանին, ժամանակ առ ժամանակ նույնիսկ առավելագույնս սրված: Հասել ենք մի վիճակի, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն կոնկրետ է արձանագրում Ադրբեջանի բացասական դերը բանակցային գործընթացում»:

Քաղաքագետի կարծիքով՝ տարվա ամենատխուր իրադարձությունը Գյումրիում Ավետիսյանների սպանությունն էր: