Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի սկսման ոչ մի ռացիոնալ հնարավորություն չկա: Այդ մասին դեկտեմբերի  22-ի մամուլի ասուլիսին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: 

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին միջադեպերի քանակական եւ որակական  (զենքի կիրառության իմաստով) աճը նորություն չէ:  «Ադրբեջանական կողմը ռացիոնալ կարիք ունի, որ սահմանին կրակոցները շարունակվեն: Ադրբեջանում չափազանց հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում. շատ կտրուկ նվազում է ոսկու պահուստը, արժեզրկում է տեղի ունենում, այդ ամենը տնտեսական լուրջ ճգնաժամի ցուցանիշներ են:  Դա այդպիսի ռազմավարություն է, որպեսզի բանակցություններին քննարկվեն ոչ թե զիջումները կամ փոխզիջման եւ կարգավորման հասնելու փորձերը, այլ ուղղակի քննարկվեն հրաձգության նվազեցման հնարավորությունները», - նշել է Իսկանդարյանը: